«Էկոնոմիկայի նախարարությունն է այժմ հաստատում շինանյութերի գները, որոնց համաձայն էլ կազմվում են նախագծային հաշվարկները։ Սակայն դրանք շուկայական գներից շատ ցածր են սահմանվում, ինչը լուրջ խնդիր է առաջացնում։ Կան համայնքներ, որոնք ֆինանսական հնարավորություններ չունեն գլխավոր հատակագծեր պատվիրելու համար»։ Այս հարցերը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարները խորհրդակցության ժամանակ ներկայացրին քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին։ Նկատենք, որ համայնքի մտահոգիչ հարցերից մեկն էլ դպրոցների և մշակույթի տների վերանորոգման և վերակառուցման խնդիրն էր։ Քանի որ նախարարը խոստացավ ներկայացված հարցերն ուսումնասիրել և ներկայացնել կառավարությանը, փորձելով լուծում գտնել, մասնավորապես, շինանյութերի գների հետ կապված խնդրին, ապա Գեղարքունիքի մարզպետ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` արդյո՞ք բարձրացված հարցերն իրականում կուսումնասիրվեն և լուծումներ կստանան. «Նման բոլոր հանդիպումների ժամանակ այն բոլոր խնդիրներին, որոնց հնարավոր է լուծում տալ, նախարարը հետամուտ է լինում։ Իսկ եթե այս պահին դրանք լուծելի չեն, տեղում հարցը մերժվում է, և ներկայացվում է պատճառը։ Կարծում եմ, դա ճիշտ մոտեցում է. հո չե՞նք խաբելու ժողովրդին»։
Խորհրդակցությունում նշվեց, որ մարզի դպրոցների և մշակույթի տների վերանորոգման խնդիրն ամբողջությամբ կլուծվի մինչև 2012 թվականը։ Ընթացիկ տարում հիմնանորոգվել են ինը համայնքների դպրոցներ, մեկ համայնքում նոր դպրոց է կառուցվել։ Դրան զուգահեռ հիմնանորոգվել է նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջը։ Չեն անտեսվել նաև մշակույթի տները։ «Մարզի շինարարական աշխատանքների ծրագրի համար պետբյուջեն 2010-ին տրամադրել էր 381 մլն դրամ, 2011-ին` 577 մլն, իսկ 2012-ի համար նախատեսված է 720 մլն դրամ։ Եթե չլիներ գլոբալ ճգնաժամի ազդեցությունը, հատկացվող միջոցներն ավելին կլինեին։ Կարևորն այն է, որ այդ ընթացքում մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, որը կարևորված է ՀՀ նախագահի կողմից, չսառեցվեց, այլ հակառակը, հատկացվող միջոցները տարեցտարի ավելանում են»,- համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Վարդան Վարդանյանը։
Հարկ է նկատել, որ, բացի շինարարական ծրագրերից, ի վերջո, փորձ է արվում լուծելու Սևանա լճի ավազանում աղբավայրեր տեղաբաշխելու հարցը, որը ներկայացված է կառավարության քննարկմանը։ Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է հինգ համայնքների աղբավայրերում հավաքված աղբը տեղափոխել Գագարին և Հրազդան քաղաքների աղբամշակման կառուցվելիք գործարան։ Ինչ խոսք, որ այս ծրագիրն էապես կթեթևացնի Սևանա լճի ավազանում առկա էկոլոգիական խնդիրը։ Ինչ վերաբերում է Սևանա լճի ավազանում անօրինական և ինքնակամ շինություններն ապամոնտաժելու աշխատանքներին, Վարդան Վարդանյանը հավաստիացրեց, որ այս պահին հաշվառված է ափամերձ տարածքում 1903 մետր սահմանված նիշից ցածր մոտ 4000 շինություն, և ողջ գոտում բոլոր տեսակի շինարարական աշխատանքները դադարեցված են։ Նշենք, որ այս պահին քննություն է կատարվում, որի արդյունքում կորոշվի, թե շինություններից որոնք են ինքնակամ։ Սակայն անկախ շինությունների օրինականությունից, եթե դրանք խանգարում են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը, ապա առաջացել է դրանք ևս ապամոնտաԺելու պետական անհրաժեշտություն։ Բնականաբար, այս գործընթացը լուրջ աղմուկ է առաջացնելու, և չի բացառվում, որ այն դառնա քաղաքական շահարկումների առարկա, քանի որ Սևանա լճի ափամերձ տարածքում «սովորական» մարդկանց առանձնատներ չեն։ Ինչևէ։ Գուցե և անկանոն շինարարության քաղաքականությանը վերջ դրվի, երբ բոլոր համայնքներն ունենան իրենց գլխավոր պարզեցված հատակագծերը։ Իսկ թե Գեղարքունիքում քանի համայնք ունի իր հատակագիծը, և որքանով է կառավարության այս պահանջն իրականացվում, տեղեկացրին համայնքի ղեկավարները։ 41 համայնքներից 36-ի համար նախագծային աշխատանքներն արդեն իրականացվում են, 27 համայնքի հատակագծերը տրամադրվել են համայնքի ղեկավարներին, հինգ համայնքներում դրանք հաստատված են։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ